Համագործակցություն
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային
ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունները անդամակցում են Եվրոպական
հեռարձակողների միությանը (European Broadcasting Union):
Եվրոպական հեռարձակողների միությունը աշխարհի խոշոր և ազդեցիկ հանրային
մեդիածառայություն մատուցող կազմակերպություններին միավորող կառույցներից է։ Այն
հիմնադրվել է 1950 թվականին և ներկայումս ունի 115 լիիրավ անդամ կազմակերպություն՝
57 երկրներից, ինչպես նաև 33 ասոցացված անդամ։ Միության լիիրավ անդամների թվում են
աշխարհի հեղինակավոր հանրային հեռարձակողներ, ինչպիսիք են BBC-ն (Միացյալ
Թագավորություն), ARD-ն և ZDF-ն (Գերմանիա), France Télévisions-ը (Ֆրանսիա),
RAI-ն (Իտալիա), RTVE-ն (Իսպանիա) և այլք։
Միության հիմնական առաքելությունն է պաշտպանել և զարգացնել հանրային մեդիայի
արժեքները՝ աջակցելով անկախ, բազմակարծիք, վստահելի և որակյալ լրագրությանը։ Այն իր
անդամներին տրամադրում է նորությունների փոխանակման հարթակներ, տեխնիկական
աջակցություն, իրավական և ռազմավարական խորհրդատվություն, մասնագիտական
վերապատրաստումներ, ինչպես նաև աջակցում է նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը
և մեդիա ոլորտի զարգացմանը։
EBU-ն նաև կազմակերպում և համակարգում է միջազգային նշանակության բազմաթիվ
նախագծեր։ Ամենահայտնի նախաձեռնությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթն է (Eurovision
Song Contest)։ EBU-ն ներդրել և գործարկում է նաև մարզական խոշոր
իրադարձությունների, մշակութային ծրագրերի և միջազգային նորությունների փոխանակման
համակարգ։
Ժամանակակից մեդիա միջավայրում EBU-ն կարևոր դեր է խաղում հանրային
հեռարձակողների շահերի պաշտպանության, թվային փոխակերպման խթանման, մեդիայի
ազատության և խմբագրական անկախության ամրապնդման գործում։ Իր գործունեությամբ այն
նպաստում է հանրային մեդիայի կայուն զարգացմանը և միջազգային համագործակցության
ընդլայնմանը։